National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.10.2010
Հանդիպում Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ
1 / 1

Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ՕԵ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը, ԲՀ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ անդամ Անահիտ Բախշյանը հանդիպեցին Եվրախորհրդարանի պատգամավորներ,    Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ, Սեւծովյան տարածաշրջանի հարցերով զեկուցող Տրայան Ունգուրեանուի, Հայաստանի հարցերով ստվերային զեկուցող Անդրեյ Կովաչեւի եւ Լյուքսեմբուրգում ՀՀ պատվո հյուպատոս Ֆրանկ Էնգելի հետ, որոնք ներկայացնում են Եվրոպական ժողովրդական կուսակցությունը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին,  բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերության ակտիվացումը` հավաստելով, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է: ԲՀ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց Հայաստանի վերաբերյալ միջազգային կառույցների օբյեկտիվ տեղեկացվածությունը եւ հույս հայտնեց, որ եվրախորհրդարանի ներկայացուցիչների այցը եւ այս հանդիպումը կարեւոր նշանակություն ունեն հենց անկողմնակալ տեղեկություն ստանալու առումով:

Կողմերը քննարկեցին եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության զարգացմանը, գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեսթի աշխատանքներին` վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երկու մեթոդաբանական սխալներ մատնանշեց, որոնք տեղ են գտել այդ կառույցում: Դրանցից մեկն այն է, որ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում 60 ներկայացուցիչներ ԵՄ-ից ներկայացված են ոչ թե ըստ երկրների, այլ ըստ խմբակցությունների, այնինչ Արեւելյան գործընկերության շրջանակից ներկայացված են 6 երկրներ, եւ այդ պատճառով օրակարգերը տարբեր են: Մյուս մեթոդաբանական սխալն այն է, որ երկակի ստանդարտներ են կիրառվում մասնավորապես Բելառուսի պարագայում, ինչը շատ նուրբ շրջանցվում է Ադրբեջանի դեպքում: Պարոն Հովհաննիսյանն առաջարկեց Հայաստանի պատվիրակությանը Եվրոպական խորհրդարանում դիտորդի կարգավիճակ տալ այս խնդիրները կարգավորելու համար:

Պարոն Անդրեյ Կովաչեւը անդրադարձավ ԵՄ-ում ընդունված կողմնակալ բանաձեւի մասին, որը մի կողմից Հայաստանի դժգոհությունն է հարուցել, իսկ մյուս կողմից Ադրբեջանի համար շահարկման նյութ դարձել ղարաբաղյան հարցում, եւ հավաստիացրեց, որ իրենք Հայաստանում են, որ օբյեկտիվ տեղեկություն քաղեն մեր երկրի մասին, ավելի սերտացնեն ԵՄ-Հայաստան հարաբերությունները: Նա հավաստիացրեց, որ այս կոնտեքստում կքննարկվի նաեւ Հայաստանին դիտորդի կարգավիճակ տալու հարցը:

Արձագանքելով պարոն Կովաչեւին` Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ խաղի կանոնները նույնը պետք է լինեն. Հայաստանն առաջարկում է հակամարտության պատճառները վերացնել, իսկ Ադրբեջանը` վերացնել հակամարտության հետեւանքները: Այստեղ էլ ի հայտ է գալիս ծուղակը, քանի որ հետեւանքները ավելի տեսանելի են: Պետք է հավասարակշռություն պահպանել. վերացնելով պատճառները` պետք է հաշվի առնել պատճառները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, որ յուրաքանչյուր նման բանաձեւ կարող է եվրոպական կառույցների նկատմամբ վստահության եւ ինտեգրացիայի նվազեցման պատճառ դառնալ:

ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները` Գալուստ Սահակյանը եւ Վահան Հովհաննիսյանը, ի պատասխան հյուրերի հարցադրման, տեղեկացրին, որ Մինսկի խումբը, շեղումներով հանդերձ, ղարաբաղյան հիմնահարցով զբաղվող ամենամասնագիտացված միջազգային կառույցն է, որն ունի թե կուտակած փորձ, թե նյութ եւ թե երկու ժողովուրդների հետ հարաբերվելու մշակույթ, ուստի այն որեւէ միջազգային կառույցով փոխարինելը անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Պարոն Սահակյանը հավելեց, որ եթե այսօր Հայաստանը չի ուզում ձեւականորեն դնել Ղարաբաղի անկախության հարցը, ապա միմիայն խաղի կանոնները չխախտելու  պատճառով: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ ժողովուրդների ինքնորոշման խնդիրը միջազգային հանրության համար աստիճանաբար դառնում է առաջնային:

Հանդիպման ընթացքում նաեւ քննարկվեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:


03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am